ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի հարցազրույցը բրազիլական «Radio Senado»-ին
31 մարտի, 2025ՀՀ ԱԳ նախարարի՝ Բրազիլ կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հարցազրույց է տվել «Radio Senado»-ին, որը հեռարձակվում է Բրազիլի 100-ից ավել քաղաքներում՝ շուրջ 2 մլն ունկնդրով։
Հարցազրույցում անդրադարձ է կատարվել «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» պայմանագրի կնքման ուղղությամբ զարգացումներին, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մյուս երկու ուղղություններին՝ սահմանազատմանն ու տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև Բրազիլի հետ երկկողմ հարաբերություններին:
Ստորև ներկայացված են հարցազրույցից հիմնական մեջբերումները:
«Խաղաղության գործընթացի առաջին կոմպոնենտը խաղաղության պայմանագիրն է։ Վերջին երեք տարիների ընթացքում պայմանագրի տեքստի շուրջ եղել են ծավալուն բանակցություններ, հանդիպումներ երկու երկրների արտգործնախարարների և ղեկավարների միջև, ինչպես նաև տեղի են ունեցել տեքստի վերաբերյալ առաջարկների փոխանակումներ։ Ես վստահ եմ, որ հետևել եք զարգացումներին. մենք հայտարարեցինք, որ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է։ Այսպիսով, Հայաստանն, ընդունելով պայմանագրի վերջին տարբերակը, հնարավորություն տվեց ասել, որ տեքստը համաձայնեցված է, և բանակցությունները ավարտված են։ Իհարկե, հաջորդ հարցը հետևյալն է՝ ե՞րբ է պայմանագիրը ստորագրվելու։ Եթե տեքստը պատրաստ է, ապա ե՞րբ է ստորագրման պահը։ Համապատասխանաբար մենք առաջարկեցինք Ադրբեջանին ստորագրել պայմանագիրը, սկսել խորհրդակցություններ դրա ստորագրման վայրի և ամսաթվի վերաբերյալ։ Սա է ՀՀ տեսլականը»։
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին՝ Անի Բադալյանը նշել է, որ 2024թ. իրականացվեց երկու երկրների միջև միջպետական սահմանի 12 կմ հատվածի սահմանազատում՝ ակնկալելով, որ գործընթացն արդյունավետորեն կշարունակվի:
«Խաղաղության գործընթացի երրորդ կարևոր հենասյունը տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումն է, քանի որ տարածաշրջանի բարգավաճման և զարգացման համար մեզ պետք են ոչ թե փակ, այլ բաց սահմաններ։
Եվ սա գնում է Հայաստանի և մեր տարածաշրջանի սահմաններից անդին. Հարավային Կովկասը կարող է դառնալ խաչմերուկ՝ կապելով Ասիան Եվրոպայի հետ և հակառակը: Եվ այստեղ, գուցե լսած լինեք, մենք առաջարկել ենք նախաձեռնություն, որը կոչվում է «Խաղաղության խաչմերուկ»: Հարավային Կովկասը հակասությունների տարածությունից բարգավաճման վայր դարձնելու համար մենք առաջարկել ենք շատ կոնկրետ նախագիծ: Ներկայացրել ենք կոնկրետ առաջարկներ Ադրբեջանին՝ սկսելու երկաթուղային կապի ապաշրջափակումից»։
Անդրադառնալով այդ օրերին Ադրբեջանից հնչող՝ զինադադարի խախտումների մասին հայտարարություններին՝ Անի Բադալյանը նշել է.
«Կարծում եմ՝ հստակ է, որ Հայաստանը հրադադարի խախտման մտադրություն չունի, ճիշտ հակառակը. մենք շահագրգռված ենք, որ սահմանին կայունություն լինի, և մեր նախաձեռնությունները դա են ապացուցում։ Ավելի շատ կանխատեսելիություն և ավելի հստակություն ունենալու համար մենք առաջարկել ենք Ադրբեջանին ստեղծել հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմ, ինչպես նաև առաջարկել ենք Ադրբեջանին ստեղծել սպառազինությունների վերահսկման և վերիֆիկացիայի մեխանիզմ»:
Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ ՀՀ ԱԳՆ խոսնակը նշել է, որ գործընթացում արձանագրվել է որոշակի առաջընթաց, օր՝ ուղիղ չվերթների մեկնարկը, օդային բեռնափոխադրումների նկատմամբ խոչընդոտների վերացումը: Նշելով, որ ՀՀ կառավարությունն ավարտել է Թուրքիայի հետ «Մարգարա» սահմանային անցակետի կառուցման և տեխնիկական վերազինման աշխատանքները՝ Անի Բադալյանը տեղեկացրել է, որ անցակետն ամբողջովին պատրաստ է շահագործման և վերջին տարիներին բացվել է որոշ դեպքերում՝ հումանիտար նպատակներով։
Հայաստանի և Բրազիլի միջև համագործակցության վերաբերյալ Անի Բադալյանը նշել է հետևյալը. «Հայաստանի և Բրազիլի հարաբերություններն արդյունավետորեն զարգանում են։ Մեր երկու երկրների միջև կա դինամիկ քաղաքական երկխոսություն տարբեր մակարդակներում։ Իհարկե, այս համատեքստում պետք է նշեմ նախարար Միրզոյանի այցը, որի շրջանակում տեղի ունեցավ երկու նախարարների հանդիպումը։ Կարող եմ միանշանակ ասել, որ օրակարգը բավական լայն էր։ Առանցքում մենք ունենք քաղաքական երկխոսություն, որը հիմնված է փոխադարձ հարգանքի վրա, ինչպես նաև այն ժողովրդավարական արժեքների, որոնք, մեր համոզմամբ, մենք խորապես կիսում ենք Բրազիլի հետ։
Բացի այդ, այն ներառում է հնարավոր համագործակցություն տարբեր ոլորտներում: Երկու նախարարները նախանշել են այն հիմնական ուղղությունները, որտեղ կարող ենք ավելին անել, oրինակ՝ տնտեսությունը և առևտուրը: Անցյալ տարի Հայաստանի և Բրազիլի միջև առևտրաշրջանառության որոշակի աճ է գրանցվել, սակայն մենք կարծում ենք, որ դա չափազանց համեստ ցուցանիշ է, և կարող ենք հասնել ավելի շոշափելի արդյունքների: Այդ նպատակին հասնելու համար մենք փորձում ենք խթանել գործարար շրջանակների միջև կապերը:
Որպես կոնկրետ օրինակ՝ մենք խթանում ենք համագործակցությունը բրազիլական «AIPEX» գործակալության և «Enterprise Armenia»-ի միջև, որոնք զբաղվում են ներդրումների և գործարար շրջանակների միջև կապերով: Մյուս ոլորտները բարձր տեխնոլոգիաներն են, որտեղ Հայաստանը որոշակի փորձ ունի կիսելու, բայց միևնույն ժամանակ մենք ևս շատ բան ունենք սովորելու Բրազիլից:
Ես կարծում եմ, որ նախարարների հանդիպումից հետո մենք կունենանք կոնկրետ հանձնարարականներ նաև այլ գերատեսչություններին և նախարարություններին՝ քննարկված հարցերը կյանքի կոչելու և համագործակցության խթանման նոր գաղափարներ մշակելու նպատակով:
Այժմ մենք գտնվում ենք Սենատում, ուստի պետք է անդրադառնամ նաև երկու երկրների միջխորհրդարանական հարաբերություններին: Մի կարևոր փաստ. Բրազիլի խորհրդարանում բարեկամության խումբը վերակազմավորվել է 2023 թվականի մայիսին, և մենք Հայաստանի խորհրդարանում նույնպես ունենք բարեկամության խումբ: Մենք համոզված ենք, որ միջխորհրդարանական կապերն ու վերջին շրջանում տեղի ունեցած փոխայցելությունները լրացնում են երկու երկրների միջև հարաբերությունների օրակարգը:
Հայաստանի և Բրազիլի հարաբերությունների մասին խոսելիս կցանկանայի անդրադառնալ ևս երկու հանգամանքի:
Առաջինը՝ Բրազիլը Լատինական Ամերիկայի առանցքային գործընկերներից է, և Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղություններից մեկն էլ այս տարածաշրջանի հետ հարաբերությունների խորացումն է: 2024թ. հենց այս օրերին տեղի ունեցավ Հայաստանի արտաքին գործերի նախարարի այցն Ուրուգվայ և Արգենտինա: Մենք դիտարկում ենք Լատինական Ամերիկայի երկրների հետ այս գործընկերությունն ավելի լայն տեսանկյունից՝ որպես գործընկերներ, որոնց հետ կարող ենք համագործակցել բազմաթիվ ուղղություններով, այդ թվում՝ միջազգային օրակարգով: Օրինակ, Բրազիլի հետ համագործակցության կոնկրետ թեմաների շարքում են կայուն զարգացումը և բնապահպանական հարցերը: Ինչպես գիտեք, Բրազիլը Բելեմում կհյուրընկալի COP-30-ը, իսկ Հայաստանն անցյալ տարի քվեարկությամբ ստացավ Երևանում COP-17-ի հյուրընկալման իրավունքը: Այսպիսով, մենք ակնկալում ենք սերտ համագործակցություն Բրազիլի հետ՝ թե՛ փոխայցելությունների, թե՛ համատեղ կազմակերպվող միջոցառումների միջոցով»: